«Super Six World Boxing Classic» գերմրցաշարի
առաջատար Արթուր Աբրահամն իր երկրորդ մենամարտը կանցկացնի մարտի 6-ին:
Ինչպես հաղորդում է Thefightnetwork.com-ը, Արթուրը պրոֆեսիոնալ
բռնցքամարտի միջինքաշային կարգում ընթացող այդ մրցաշարի շրջանակներում
կհանդիպի Անդրե Դիրելլի հետ: Մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայում և
կհեռարձակվի «Showtime» հեռուստաընկերությամբ, որն այդ գերմրցաշարի
կազմակերպիչն է:
Մենամարտին լավագույնս նախապատրաստվելու նպատակով հայ բռնցքամարտիկը
փետրվարի 3-ին ստուգողական մարտ կանցկացնի գերմիջինքաշային կարգում
աշխարհի նախկին չեմպիոն Սվեն Օտկեի հետ: Մարզումային մենամարտի անցկացման
գաղափարը պատկանում է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներին: Նա կարծում է, որ
Արթուրը պետք է հանդիպի արագաշարժ բռնցքամարտիկի հետ` համապատասխան փորձ
ձեռք բերելու համար:
«Նա ինձ ընդհանրապես չի զարմացնի, քանի որ ես առաջվա պես արագաշարժ եմ:
Շաբաթական հինգ անգամ վազում եմ` յուրաքանչյուր անգամ հաղթահարելով 11 կմ
տարածություն: Տարեկան մեկ անգամ հագնում եմ ձեռնոցները և մարզում
Մայորկայում հանգստացնողներին: Այժմ 82 կգ քաշ ունեմ: Նույնիսկ թեթև եմ
Աբրահամից»,- Օտկեի խոսքերը մեջբերել է գերմանական «Bild»-ը: