Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում
WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը հրաժարվել է
ռինգ վերադառնալու մտքից: Նախկինում արևմտյան զանգվածային
լրատվամիջոցներում լուրեր են հրապարակվել, որ Գրիգորյանը մտադիր է
ռևանշ-մրցամարտ անցկացնել Մեթ Զեգանի հետ, ում միավորներով հաղթել է 2003
թ. հունվարին: Արթուրը հաստատել է, որ նախապատրաստվում էր այդ մենամարտին,
սակայն ֆիզիկական նախկին մարզավիճակը վերականգնելու անհնարինության
պատճառով ստիպված է եղել հրաժարվել վերադառնալու մտքից:
«Ես մոտ մեկ ամիս պատրաստվում էի: Բայց մարմինս իմ առջև կարմիր լույս է
վառում: Այլևս չեմ կարող վերադառնալ նախկին մարզավիճակին: Ուղեղս ինձ
մղում է դեպի ռինգ, իսկ մարմինս հրաժարվում է: Մարզումների ընթացքում չեմ
կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել և շատ էի հուզվել, որ կարող եմ
նույնիսկ լուրջ վնասվածքներ ստանալ նախապատրաստության ընթացքում:
«Universum»-ում աշխատում եմ որպես մարզիչ և պատասխանատու եմ իմ
բռնցքամարտիկների համար: Ցանկանում եմ օգնել սաներիս, որպեսզի բարելավեն
իրենց ցուցանիշները վարկանշային սանդղակներում», - Արթուր Գրիգորյանի
խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Aysor.am