Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան և ԱԻԲԱ-ն
պայմանագիր են ստորագրել` կապված Բաքվում տեղի ունենալիք աշխարհի
պատանեական առաջնության հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական
լրատվամիջոցները:
Համաձայնագիրը ստորագրել են ԱԲՖ-ի նախագահ Քյամալէդդին Հեյդարովը և
ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն: Վերջինիս խոսքերով` ԱԻԲԱ-ի նախագահի անվան
մրցումներն ապացուցել են Ադրբեջանի ֆեդերացիայի կազմակերպչական բարձր
ընդունակությունները:
«Նկատի ունենալով այդ հանգամանքը` մենք Բաքվին հնարավորություն տվեցինք
կազմակերպել բռնցքամարտի աշխարհի պատանեական առաջնությունը: Ի դեպ,
Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանան ոչ միայն ԱԻԲԱ-ի, այլև WSB-ի
վարկածներով մրցաշարերը: Աշխարհի պատանեական առաջնությունը շատ մեծ
նշանակություն կունենա, քանի որ այն վարկանշային է: Այստեղ խաղարկվելու են
Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին Օլիմպիական խաղերի ուղեգրերը»,-
ավելացրել է Չինգ Կուո Վուն:
Նրա խոսքերով` Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը
պատմության մեջ ամենախոշոր իրադարձությունը կլինի: Մրցումներին, որոնք
տեղի կունենան ապրիլի 23-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
կմասնակցեն 106 երկրների 659 բռնցքամարտիկներ: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ
մենամարտերն ուղիղ եթերում կհեռարձակվեն մասնակից բոլոր երկրներում:
Ավելացնենք, որ աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով կորոշվեն
Օլիմպիական խաղերի 44 ուղեգրերի տերերը: Մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան
ուղեգրերի համար պայքարելու նպատակով նույնպես որոշում է կայացրել
մասնակցել այդ առաջնությանը:
Aysor.am