Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային
կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչման
պաշտպանության համար մենամարտում մարտի 6-ին կհանդիպի մեքսիկացի Ռոդրիգո
Հերրերոյի հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական «The Sunday Telegraph»
հանդեսը: Բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը մեկ այլ հայ
բռնցքամարտիկի` միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին
չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտն է ամերիկացի Անդրե Դիրելլի հետ: Այդ
մարտը կկայանա «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի
շրջանակներում:
Նշենք, որ Դարչինյանի ներկայացուցիչներն ավելի վաղ բանակցություններ են
վարել մի շարք բռնցքամարտիկների հետ, սակայն չեն կարողացել համաձայնեցնել
ֆինանսական պայմանները:
Աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանության մենամարտի նախօրեին, ինչպես նաև
առաջիկայում կայանալիք չափազանց լուրջ այլ մարտերին նախապատրաստվելու
համար 34-ամյա Դարչինյանը շարունակում է աշխատել հարվածի հզորությունն
ավելացնելու ուղղությամբ: Այժմ նա կենտրոնացել է ոտքերի մկանային
համակարգի արագաուժային բնութագրի բարելավման վրա: Այդ աշխատանքում նրան
օգնում են ֆիզպատրաստականության գծով մարզիչներ Հեյդոն Նոուլսը և Քրեյգ
Կետերիկը:
«Վիկը չպետք է մտածի իրանի վերնամասի մասին,- նշել է Նոուլսը:- Նա դրա
կարիքը չունի, իսկ լավ մարզավիճակը պահպանելու համար բռնցքամարտով
զբաղվելը միանգամայն բավարար է: Սակայն մենք կարծում ենք, որ ոտքերի ուժի
ավելացումը դրականորեն կանդրադառնա նրա հարվածի հզորության վրա»: