23.11.2009
2008
թ. Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանն այլևս բռնցքամարտի Հայաստանի
ազգային հավաքականի կազմում հանդես չի գա: Նա առաջիկայում փորձելու է
ամրապնդվել Ռուսաստանի հավաքականում:
Այս մարզիկին Սոչիից Հայաստան էր
հրավիրել բռնցքամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր
մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը և փորձառու մասնագետն անձամբ էր զբաղվում
Համբարձումյանի մարզական վարպետության կատարելագործման հարցերով, նա նաև
ստանձնել էր Էդիկի անձնական մարզչի պարտականությունը:
Ադյունքներն էլ շոշափելի էին: 2007թ.
Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությունում Էդիկ Համբարձումյանը,
զբաղեցնելով 5-րդ տեղը, մեր հավաքականի անդամներից առաջիններից մեկը
օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացավ: Ընդ որում, օլիմպիական խաղերից առաջ
մեր երկիր էր հրավիրվել նրա Ռուսաստանի մարզիչը' Վիկտոր Դիմիտրիադիսը:
Վերջինս Հայաստանի պատվիրակության կազմում նաև օլիմպիական խաղերի
մայրաքաղաք մեկնեց:
Ու թեև Էդիկը Պեկինի օլիմպիական
խաղերում չկարողացավ դրսևորել իրեն, սակայն հետագայում քավեց մեղքը'
դառնալով Եվրոպայի չեմպիոն, աչքի ընկավ նաև միջազգային մի շարք
ներկայացուցչական ստուգատեսներում:
«90 րոպեի» ունեցած տեղեկություններով
Էդիկի ազգությամբ ռուս կինը ցանկացել է ապրել իր հարազատ երկրում և Երևան
տեղափոխվելու մտադրություն չի ունեցել: Փաստն այն է, որ այժմ հայ մարզիկը
վերջնականապես հեռացել է Հայաստնից և փորձելու է բախտ որոնել
Ռուսաստանում: Ընդ որում, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի
ներկայացուցիչները չեն ցանկացել որևէ խոչընդոտ ստեղծել և տեղեկացրել են
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային, որ այդ հարցում ոչ մի առարկություն
չունեն:
Չի բացառվում, որ խնդիրը նաեւ այն
էր, որ Համբարձումային խոստացել էին Երևանում բնակարան գնել, աակայն այդ
հարցն այդպես էլ չլուծվեց: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան
Համբարձումյանի համար բնակարան էր վարձակալել: Հետագայում էլ նրան
առաջարկել էին մնալ Երևանի մարզական քոլեջի կացարանում:
|