27.01.2010
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը մասնակցելու է ապրիլի
20-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում կայանալիք աշխարհի
առաջնությանը: Մարզիկներն այդ մրցաշարում պայքարելու են ոչ միայն
մեդալների, այլ նաև Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի
ուղեգրերի համար:Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ անցած հանգստյան
օրերին Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները
և քննարկել հայկական պատվիրակության` Բաքու հնարավոր ժամանման հետ կապված
մի շարք հարցեր: Նույն լրատվամիջոցը շեշտում է, որ Հայաստանի բռնցքամարտի
ֆեդերացիան Ադրբեջանում կայանալիք առաջնությանը մասնակցելու վերաբերյալ
որոշման կայացումից առաջ դիմել է AIBA-ին` առանց Բաքվի մրցաշարին
մասնակցելու ուղեգրեր ստանալու նպատակով, ինչը, իբր, մերժվել է
բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Իրավիճակը մեկնաբանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին
փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:- Նախ ասեմ, որ Թբիլիսի ես էի մեկնել` Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ
Ստեփանյանի հետ միասին,- ասաց նա:- Մեր այցի նպատակն ամենևին էլ Ադրբեջանի
ներկայացուցիչների հետ հանդիպելը չէր: Մենք Վրաստանի մայրաքաղաք էինք
այցելել` այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյակին նվիրված
միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ժամանել էին նաև Ադրբեջանի
ներկայացուցիչները` բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին տեղակալը և գործկոմի
անդամներից մեկը: Նրանց հետ, բնականաբար, ոչ պաշտոնական քննարկումներ են
եղել: Մենք մեր ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրեցինք, որ ՀԱՕԿ-ը
որոշում է կայացրել անպայման մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք
առաջնությանը:Այդ հարցով արդեն դիմել ենք նաև միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի
նախագահին` Հայաստան-Ադրբեջան-ԱԻԲԱ եռակողմ համաձայնագիր ստորագրելու
համար, որի միջոցով կապահովվի մեր անվտանգությունը, կհստակեցվի վիզային
համակարգը: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մենք դիմել ենք ԱԻԲԱ-ին`
առանց առաջնությանը մասնակցելու Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի
ուղեգրեր ստանալու համար, ավելին` միջազգային ֆեդերացիան էլ մերժել է մեզ,
կարող եմ հայտարարել, որ նման բան չի եղել: Մենք դիմել ենք այդ
կազմակերպությանը` լուծում գտնելու համար: Բայց եթե մերժեն, իհարկե, այդ
ժամանակ լռելու իրավունք չենք ունենա: Դիմել ենք նաև մեր Արտաքին գործերի
նախարարությանը` այս հարցով զբաղվելու խնդրանքով:Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, իրենց հերթին, մեզ
տեղեկացրեցին, որ իրենց կառավարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի
պատվիրակությանը:
|